Մասյացոտնի թեմի քահանաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մասյացոտնի թեմի 19 հոգևորական հայտարարություն են տարածել՝ նշելով, որ թեմի առաջնորդի փոփոխությունը չի եղել քահանաների նկատմամբ որևէ պարտադրանքի կամ ճնշման հետևանք։

Հարկ է նշել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10-ին ազատվել էր պաշտոնից։ Որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար հունվարի 27-ին նա կարգալույծ էր հռչակվել։ Հայրապետական տնօրինությամբ թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հայտարարության մեջ հոգևորականները նաև անդրադարձել են նախկին առաջնորդ Արման Սարոյանի հրապարակային պնդումներին՝ նշելով, որ դրանք ապատեղեկատվություն են և վիրավորական բնույթ ունեն։ Նրանք նշել են, որ Արման Սարոյանի առաջնորդության տարիներին, իրենց գնահատմամբ, թեմում առկա են եղել վախի, սպառնալիքների և անորոշության մթնոլորտ, ինչպես նաև սոցիալական խնդիրներ։

Նշվում է, որ թեմի նախկին ղեկավարի կողմից քահանաների ծառայության վայրերի հաճախակի և կամայական փոփոխությունները բացասաբար են անդրադարձել ծառայության որակի և ընտանիքների հոգեբանական կայունության վրա։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներ հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» գործընթացի մեկնարկի մասին։

Փետրվարի 14-ին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ–ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով և սահմանափակել նրա ելքը Հայաստանից։ Նույն գործով են անցնում մի խումբ հոգևորականներ։