Պապոյանը խոսել է Ամուլսարի, լեռնադահուկային ծրագրերի և արևային կայանի կառուցման մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրով նախատեսված 750 մլն դոլարից արդեն իրականացվել է շուրջ 550 մլն դոլարի ներդրում։ Նրա խոսքով՝ հանքավայրում արդյունահանման աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ շարունակվում է երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի կառուցումը։ «Մայլեր» ծրագրի շրջանակում ներդրված 80 մլն դոլարից արդեն ծախսվել է 73 միլիոնը։ Նա նշել է, որ ծրագրի ներդրողները բանակցում են մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ։
Միևնույն ժամանակ, Արագածոտնի մարզում կառուցվող լեռնադահուկային համալիրի և Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածքում նախատեսվող «World Trade Center» բիզնես կենտրոնի ներդրումային ծրագրերը դեռ նախնական փուլում են։
Պապոյանի խոսքով՝ առայժմ առաջընթաց չկա նաև 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի կառուցման գործում, որը պետք է իրականացնի ԱՄԷ-ի «Մասդար» ընկերությունը։ Նախարարը նշել է, որ նախագիծը ուշանում է, և անհրաժեշտ է լուծել ֆինանսական մի քանի հարց, որից հետո շինարարությունը կմեկնարկի։

