Ինչո՞ւ Հայաստանը մինչ այժմ ոչ մի ապրանք չի արտահանել Ադերբեջան․ Էկոնոմիկայի նախարարը՝ պատճառների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան ներկրվել է երկու տեսակի ադրբեջանական ապրանք՝ բենզին և դիզելային վառելիք։ Հայաստանից Ադրբեջան առայժմ որևէ ապրանք չի արտահանվել։

Նախարարի խոսքով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ երկու երկրների շուկաները դեռ լավ չեն ճանաչում միմյանց, և գործարար կապերի ձևավորման համար ժամանակ է անհրաժեշտ։ Նա ընդգծել է, որ առևտրային գործընթացը հիմնականում մասնավոր հատվածի դաշտում է, իսկ պետությունը ստեղծում է անհրաժեշտ պայմաններն ու համաձայնությունները։

Պապոյանը նշել է, որ այդ պայմանների զգալի մասն արդեն ապահովվել է։ Ուղիղ երկաթուղային կապ դեռ չկա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Նրա խոսքով՝ մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է գործարկել «Թրամփի ուղին», որը կարող է ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը։ Նախարարը հավելել է, որ գործընթացը բարդ և ժամանակատար է, բայց իրագործելի։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Բաբկեն Թունյանը։ Նա էլ հայտնել էր, որ 1-2 ամսից Հայաստանը կկարողանա ապրանքներ արտահանել Ադրբեջան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետաքրքրության շրջանակներում են հայկական մետաղական, փայլաթիթեղային ինչպես նաև սննդամթերքի որոշ արտադրատեսակներ։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,800 դոլարի արտադրանք։