Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Տեառնընդառաջի տոնը
Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագը մատուցել է Մայր Աթոռի Հայորդաց տների հոգևոր տեսուչ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Քարոզի ընթացքում նա անդրադարձել է տոնի խորհրդին՝ նշելով, որ այն Աստծուն ընդառաջ գնալու, հավատքի մեջ զորանալու, հույսի և սիրո մեջ ապրելու կոչ է։
Քարոզի ավարտին նա պատգամել է հավատացյալներին հաստատակամ լինել հավատքի մեջ, ինչպես նաև դիմել է արարողությանը ներկա նորապսակներին՝ հորդորելով իրենց ընտանեկան կյանքը կառուցել Աստծու սիրո և ներկայության գիտակցությամբ։
Պատարագից հետո կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ։
Նույն օրը Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում ծառայող նորապսակ սարկավագներին՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ։
Վերջում կատարվել է «Պահպանիչ» աղոթք, և նորապսակ զույգերին հանձնվել են նվերներ։
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

