Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա չի կարողանա հեռանալ Հայաստանից
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյան։
Փաստաբանի փոխանցմամբ՝ կաթողիկոսի նկատմամբ սահմանվել է նաև Հայաստանից դուրս գալու արգելք։ Նրա գնահատմամբ՝ այդ որոշմամբ փորձ է արվում խափանել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան նախօրեին հայտարարել է, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը դուրս բերել Հայաստանից, և իշխանությունները դա թույլ չեն տալու։
Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կաթողիկոսի հրավերով նախատեսված է եպիսկոպոսաց ժողով։ Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով՝ դատական ակտը չկատարելու հատկանիշներով։
Հունվարի 31-ին գործի շրջանակում վեց բարձրաստիճան հոգևորականներ հրավիրվել էին հարցաքննության, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը։

