Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում։
Ճանապարհը փակ էր փետրվարի 13-ից՝ ձյան և մերկասառույցի պատճառով։
Խաչի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ հետընթաց ռեժիմով, ուստի այդ տարածքում խցանումների հավանականությունը մեծ է։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով։

