Ի՞նչ արդյունքներ ունեն Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդները
Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են պայքարը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը հսկա ոլորավայրէջք մրցաձևում ցույց է տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների թվում զբաղեցրել 59-րդ տեղը։ 12 մասնակից չի կարողացել ավարտել մրցավազքը։ Հարությունյանը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին։ Փետրվարի 16-ին նա հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում։
Դահուկորդ Միքայել Միքայելյան տղամարդկանց 10 կմ ազատ ոճում գրավել է 53-րդ տեղը 112 մասնակիցների շրջանում՝ 23 րոպե 06.4 վայրկյան արդյունքով։
Կանանց դահուկավազքում 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, ով չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և զբաղեցրել 82-րդ տեղը 111 մասնակիցների շրջանում։
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա վաղը՝ փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Հայաստանը Օլիմպիական խաղերին ներկայացնում է 5 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյան և Կատյա Գալստյան, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյան, ինչպես նաև գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին։
Հիշեցնենք՝ ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին։

