Կաշառք՝ ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկն անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք է ստացել քաղաքացիներից՝ նրանց կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները չարձանագրելու և դրանք անխոչընդոտ իրականացնելու դիմաց։
Նախաքննությամբ պարզվել է, որ անտառապետը երկու քաղաքացիների կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց 2023 թվականի հոկտեմբերին պահանջել է 105 հազար դրամ կաշառք՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով։ Բացի այդ՝ բացահայտվել է նույն ժամանակահատվածում նրանց կողմից խմբի կազմում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք։
Քրեական վարույթով պարզվել է նաև, որ անտառապետն իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները՝ նպատակ ունենալով, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների մասին։
Անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքներ են ներկայացվել ևս երեք անձի, այդ թվում՝ անտառապահին։
Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է։

