
Հայ բեռնափոխադրողներից մի քանիսին արգելվել է մուտք գործել Ռուսաստան․ ի՞նչն է պատճառը
Հայաստանից մի շարք բեռնափոխադրողներ Ռուսաստան մուտքի արգելք են ստացել, քանի որ երկրում գտնվել են թույլատրելի ժամկետից ավել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին արդեն 70-ից ավելի դիմում է ստացվել, իսկ 10-ից ավելի բեռնափոխադրողների մուտքը ՌԴ արգելվել է 5 տարի ժամկետով
Նրա խոսքով՝ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքի փոփոխությունները, ըստ որոնց՝ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, մուտք գործելով Ռուսաստան ոչ աշխատելու նպատակով, կարող են մնալ երկրում առավելագույնը 90 օր՝ մեկ տարում։ Փոփոխությունները վերաբերում են նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Ընդ որում՝ 90–180 օր ավել մնալու դեպքում սահմանվում է 3 տարվա, 180–270 օր մնալու դեպքում՝ 5 տարվա, իսկ 270 օրից ավելի՝ 10 տարվա արգելք։
Փետրվարի 5-ից գործում է նաև նոր կարգավորում, ըստ որի՝ խախտում թույլ տված օտարերկրացիները ընդգրկվում են հատուկ ռեեստրում, և նրանց նկատմամբ կարող է կիրառվել մուտքի արգելք՝ առանց դատարանի որոշման։
Փորձագետը ընդգծում է, որ 90 օր չի բավականացնում բեռնափոխադրողների համար, քանի որ ՌԴ տարածքը մեծ է, ճանապարհորդությունը երկար է տևում, իսկ Լարսի անցակետը հաճախ փակ կամ ծանրաբեռնված է, ինչը ևս նվազեցնում է փաստացի մնալու ժամանակը։ Այդ դեպքում նրանք մեկ տարվա ընթացքում ընդամենը 6-7 անգամ կկարողանան գնալ Ռուսաստան
Բեժանյանը շեշտում է, որ այս կարգավորումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր այն երկրներին, որոնք ունեն ՌԴ հետ ոչ վիզային ռեժիմ։