ՀայաստանՏնտեսություն

ԶՊՄԿ-ն վերջին 3 տարվա ընթացքում վճարել է շուրջ 300 մլրդ դրամ

Դեկտեմբերի 19-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին։ Այն գոյացել է պետական բաժնետոմսերից։

Փաշինյանը հավելել է, որ այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից։ Ընդհանուր առմամբ՝ ԶՊՄԿ-ն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 83,668,387,000 դրամ։

Վերջին 3 տարիների ընթացքում ԶՊՄԿ-ի պետությանը վճարած հարկերը 2022 թվականին կազմել է 143,933,308,000 դրամ, 2023-ին վճարած հարկերը նվազել են՝ կազմելով 70,881,967,000 դրամ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունեց ԶՊՄԿ-ի բաժնետեր ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության նվիրատվությունը՝ 25% բաժնետոմսերի տեսքով: Ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 20 հազար դրամ անվանական արժեքով 412,250.75 հատ սովորական բաժնետոմսերը: Կառավարության որոշմամբ՝ այդ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: