ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում 10,2 մլրդ դոլարի է հասել

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի ժամանակ։

Օվերչուկը ավելացրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։ Ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի: Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողներից մեկն է։ Արդյունաբերական նախագծում ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի:

Վերջին 5 տարիներին երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը ավելի է մեծացել։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019-ին առևտրաշրջանառությունը կազմում էր 2,2 մլրդ դոլար։ Հիմա այդ թիվը 5 անգամ աճել է։

2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2,1 մլրդ դոլարի, 2021-ին՝ 2,6 մլրդ դոլարի , 2022-ին՝ 5 մլրդ դոլարի։ 2023 թվականին թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով 7,9 մլրդ դոլարի։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներից: Նրա խոսքով՝ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է։