
Սիգի բնօգտագործման 1 կգ-ի համար սահմանվել է 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Քննարկման ներկայացված նախագծով առաջին փուլում առաջարկվում է ամբողջությամբ վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք կավելացվեն հիմնականում մոտ 2 անգամ, իսկ սիգ ձկնտեսակի համար՝ մոտ 3 անգամ՝ դիտարկելով որպես Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն ռեսուրս։ Սիգի 1 կգ-ի համար սահմանվել է 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։
Ըստ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կիլոգրամը մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7 տոկոսը։
Քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի կարգը, համաձայն որի վճարումը կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։