
Գորիսի երկու քոլեջներում գործադուլ և դասադուլ է․ պատճառը կառավարության կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է
Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Հենց այսպիսի հայտարարությամբ էլ իրենց գործադուլն ու դասադուլն են սկսել Գորիսի պետական և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջները։ Նշվում է, որ «երկու կրթօջախի կոլեկտիվներն անթույլատրելի են համարում Արմինե Կոլյանին ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելը՝ հիմքում ունենալով մի շարք լուրջ պատճառներ»:
Մասնակիցներից մեկը Amnews-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 7-ին Գորիսի պետական քոլեջ այցելելու համար նախարարության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը ուղարկվել էր տեղից ներկայացնելու նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին, սակայն քոլեջի կոլեկտիվը նրան համարել է անցանկալի անձ և մերժել ընդունելությունը։ Նրա փոխարեն Գորիս է ուղարկվել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, սակայն նրա առաքելությունը ևս ձախողվել է։ Ուսանողներն ու դասախոսները փակել են դռները և հրաժարվել հանդիպումներից։
Դասադուլն ու գործադուլը շարունակվել է նաև հոկտեմբերի 8-ին։
Կոչ ենք անում նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դուրս գալ պատվեր կատարողի տխուր կարգավիճակից և անհապաղ (հանուն ուսանողների) չեղարկել ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը:
Չչեղարկել այդ որոշումը կամ հրամանը՝ նշանակում է ավելի խորացնել ամիսներ շարունակ տեւող ճգնաժամը, նշանակում է ինչ-որ մարդկանց անձնական հետաքրքրություններին ընդառաջելու համար զոհաբերել հարյուրավոր ուսանողների կրթության իրավունքը:
Նախարարության որոշումը (հրամանը) չեղարկելուց րոպեներ հետո կդադարեցվեն գործադուլն ու դասադուլը, որից հետո Գորիսում՝ նախարարի հետ, քոլեջի կոլեկտիվը ընդհանուր համաձայնության կգա վերջին ամիսներին ծագած բոլոր խնդիրների շուրջ, — նշված է Գորիսի պետական համալսարանի հաղորդագրության մեջ։
Մյուս կողմից Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցները հայտնել են որ հոկտեմբերի 10-ին ժամը 10։30-ից նախատեսել են երկու ժամով նախազգուշական գործադուլ, իսկ հոկտեմբերի 15-ից՝ անժամկետ գործադուլ իրականացնել։ Աշխատակիցները պահանջում են կասեցնել երկու քոլեջների միաձուլման որոշումը և քննարկել իրենց մտահոգությունները ներկայումս գործող շենքում։
Քոլեջի կոլեկտիվները նշում են, որ միավորումը կխանգարի մասնագիտական կողմնորոշման ծրագրերին, անպայման կխաթարի գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչությունը, ինչպես նաև կստեղծի կադրային և տարածքային խնդիրներ՝ հաշվի առնելով նոր շենքի ծավալներն ու նախկինում ուսանողների տարողունակությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից դեռևս արձագանքներ չկան։
Հիշեցնենք, որ երկու քոլեջների միավորման մասին օրենքը կառավարությունը ընդունվել էր ապրիլի 18-ին։