ԽմբագրիցՀայաստան

Մարաղայի ջարդերից անցել է 33 տարի

33 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։ Առավոտյան հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված «Գուրթուլուշ» գումարտակը հարձակվել է Մարտակերտի շրջանում գտնվող Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։

Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվել է առնվազն 50 անձ, այդ թվում՝ 30 կին։ Մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվել է, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է։

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման։

Ըստ 1989 թվականի բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ Ջարդերից հետո գյուղը 1992 թվականից անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Չնայած ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել x-ի միկրոբլոգում, սակայն նախարարության պաշտոնական կայքում ոչինչ չկար դրա մասին։ Բացի այդ՝ 2022 թվականին ընդդիմությունը առաջարկ էր արել՝ ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր։ Սակայն իշխող կուսակցությունը դեմ է քվեարկել և որոշման նախագիծը այդպես էլ չի ընդունվել։



Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: