
Օր, որը խոսում է հաղթանակի, ազատության ու արժանապատվության մասին
Հայ ժողովրդի պատմության մեջ կան օրեր, որոնք մի ամբողջ պատմություն են՝ գրված արյամբ, կորուստներով, բայց նաև հաղթանակներով։ Այդպիսի օր է մայիսի 9-ը՝ եռատոն, որը միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։
Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է, որ հայ ժողովուրդը պատմության ամենադժվար փուլերում կարողացել է հաղթահարել փորձությունները՝ միավորվելով մեկ գաղափարի շուրջ՝ պաշտպանել տունն ու հայրենիքը։ Երբեմն այդ պաշտպանությունը եղել է սովի ու զենքի պակասի, երբեմն՝ միջազգային անտարբերության պայմաններում։
Շուշիի ազատագրումը նոր էջ բացեց հայոց նորագույն պատմության մեջ։ Այն վերածվեց անկախության ու ինքնապաշտպանության խորհրդանիշի, իսկ Արցախի բանակի ձևավորումը՝ այդ պայքարի կազմակերպված ուժի մարմնավորումը։ Շուշիի հաղթանակը Արցախի ու Հայաստանի հաղթանակն էր, որը մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի վրա։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Շուշին նոյեմբերի 7-ին ընկավ։
Այնուամենայնիվ՝ մայիսի 9-ը միայն անցյալ չէ։ Այն ուղեղույց է ապագայի համար, ուղեցույց՝ Արցախի ազատագրման համար։
Սակայն այս օրը նաև խորհրդանշական է այն առումով, որ 80 տարի առառջ խորհրդային ժողովուրդները հաղթեցին ֆաշիզմին։ Հայ ժողովուրդը իր անփոխարինելի ներդրումն է բերել Հայրենական մեծ պատերազմում։ Ավելի քան 500,000 հայ զինվոր մասնակցեց պատերազմին, որոնցից շուրջ 300,000-ը զոհվեցին, իսկ հարյուրավոր հայեր դարձան Խորհրդային Միության հերոսներ։
Այդ հաղթանակները պատահական չէին։ Դրանք ծնվում են ինքնազոհության, միասնության ու հայրենիքին անսահման նվիրվածության պայմաններում։ Դրանք նաև ուղեցույց են ապագայի համար։ Մենք ունենք հաղթանակի պատմություն, որին արժանի պետք է լինենք ու ձգտենք նոր հաղթանակների։