
Լրացավ Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցը
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերը դարձան հայ ժողովրդի նորագույն պատմության ամենադաժան էջերից մեկը։ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ և դրդմամբ քաղաքում կազմակերպվեցին զանգվածային բռնություններ։
1988-ի փետրվարին Արցախի ժողովուրդը խաղաղ ճանապարհով արտահայտեց իր ինքնորոշման իրավունքը՝ պահանջելով միացում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Ադրբեջանական իշխանությունները, ի պատասխան, սկսեցին հակահայկական քարոզչություն, որն էլ վերածվեց բացահայտ ջարդերի։
Սումգայիթի հայ բնակչության դեմ հարձակումներն ուղեկցվեցին խոշտանգումներով, սպանություններով, տների ու բնակարանների հրկիզումներով։ Անզեն մարդիկ դաժան ծեծի ու բռնության էին ենթարկվում, իսկ իրավապահ մարմինները ոչ միայն չէին կանխում այդ ամենը, այլև հաճախ աջակցում էին ամբոխին։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության:
Չնայած Խորհրդային Միության ղեկավարությունը, իբր, դատապարտեց Սումգայիթի դեպքերը, իրականում կազմակերպիչները մնացին անպատիժ կամ ստացան կեղծ մեղադրանքներ, որոնց արդյունքում պատիժները չափազանց թեթև էին։ Այս անպատժելիությունը ոգևորեց ադրբեջանական ազգայնամոլական շրջանակներին, ինչը հանգեցրեց հետագա ջարդերին՝ Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում։