
Հայերենը շուտով անգլերենի նման կունենա իմացության մակարդակներ՝ A1, A2, B1․․․
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «լեզվի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնել:
Այդ փոփոխություններով նախատեսվում է պետական փաստաթղթաշրջանառության, օրենսդրության և հանրային հաղորդակցության մեջ օգտագործվող հայերենի հստակեցմում և կանոնակարգում։
Առաջին հերթին նախատեսվում է, որ կառավարությունը,ստեղծելով լեզվական կանոնարկման հանձնաժողով, կստանա լիազորություն հաստատելու թարգմանված և փոխառված հասկացությունների, ինչպես նաև հատուկ անունների կիրառման միասնական կարգ։ Այս փոփոխությունը նպատակ ունի բացառել այն իրավիճակները, երբ նույն եզրույթներն ու անվանումները փաստաթղթերում գրվում են տարբեր ձևերով։
Փոփոխություն է արվել նաև «գրական հայերենի կանոնարկում» հասկացության բովանդակության մեջ։
Եթե նախկինում թույլատրվում էր որոշ բառերի զուգահեռ կիրառություն, ապա այժմ կընտրվի դրանցից միայն մեկը՝ միօրինակ օգտագործման համար։
Լեզվական կանոնարկման հանձնաժողովը ուղղված կլինի պետական և հանրային կյանքի ընթացքում ձևավորված լեզվական տարաձևությունների վերլուծությանն ու կարգավորմանը։ Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ոլորտային պետական մարմիններ և լեզվաբանական մասնագետներ։
Նախատեսվում են նաև միջոցառումներ՝ ուղղված հայերենի թվային կիրառելիության և լեզվական վերահսկողության բարձրացմանը։ Տեսչական մարմինները փաստաթղթերը ստուգելիս ուշադրություն կդարձնեն դրանց հայերեն կազմման որակին։ Այս նպատակով օրենսդրական նոր մեխանիզմներ կգործարկվեն, որոնք պարտադիր կդարձնեն պետական փաստաթղթերի հայերեն լեզվով կազմումը։
Բացի այդ, մշակվում են հայերենի իմացության մակարդակներ, ինչպես կա օրինակ անգլերենի համար (A1, A2, B1 և այլն), որ մարդիկ կարողանան չափել իրենց լեզվական գիտելիքները՝ ուսման, աշխատանքի կամ այլ նպատակներով։
Գործարկվել է նաև հայերենի ընթեռնելիությանը վերաբերող ծրագիր, որը այս տարի փորձարկվում է դասագրքերի վրա։ Այսինքն՝ սա միտված է հասկանալուն թե ինչքանով են տեքստերը ընթեռնելի տարբեր տարիքի տարբեր մակարդակի և տարբեր ոլորտների համար։