ԿրթությունՀայաստան

ԵՊՀ-ում դադարեցվել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը

Երևանի պետական համալսարանում կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, որի հետևանքները կարող են զգալի ազդեցություն ունենալ ուսանողական միջավայրի վրա։ Հուլիսի 11-ից ԵՊՀ-ում դադարեցվում է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը։ Այս որոշման արդյունքում դադարեցվում է նաև մի շարք ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ձևավորվել և գործել էին հենց այդ կենտրոնի հովանու ներքո։

Լուրը հաստատել է կենտրոնի արդեն նախկին տնօրեն Էդուարդ Գալստյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա ընդգծում է, որ լուծարման հետևանքով դադարել են Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, գիտարշավական ակումբի և այլ ուսանողական նախաձեռնությունների աշխատանքները։

Հիշեցնենք՝ այս կենտրոնի լուծարման հարցը առաջին անգամ բարձրացվել էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այն ժամանակ այս կառույցը քննադատության էր ենթարկվում «քաղաքականացված լինելու» կամ «համալսարանում կուսակցական կառուցվածքներ ձևավորելու» մեղադրանքներով։