ԿրթությունՀայաստան

49 դիմորդ հեռացվել է միասնական քննություններից․ Ինչու՞ չեն դադարում տեխնիկական խախտումները

Հայաստանում հունիսի 10-17-ը անցկացվեցին միասնական քննությունները։ Դրանց ընթացքում միասնական քննություն հանձնող դիմորդների մոտ հայտնաբերվել են բազմաթիվ սարքավորումներ, որոնց միջոցով փորձել են դրսից հուշումներ ստանալ։ Սարքերը բացահայտվել են, իսկ դիմորդները` հեռացվել քննությունից։ Միասնական քննությունների ընթացքում 49 դիմորդ հեռացվել է քննական սենյակից, չնայած այն բանին, որ դիմորդները քննության են մտնում մետաղորսիչ սարքով զննություն անցնելուց հետո

Դիմորդները գիտեն, որ մետաղորսիչ սարքերը, ամենայն հավանականությամբ, հայտնաբերելու են թաքցրածը, դրա լուծումը ևս գտել են։ Պահում են այնպիսի տեղերում, որտեղ մետաղորսիչները զնգում են, ցույց է տալիս, որ որևէ բան կա, սակայն դիմորդները դա ներկայացնում են, թե դա իրենց իրենց հագուստի վրա է, որևէ շղթա պարունակող կամ մետաղական հատված պարունակող տարր է։

Հուշում ստանալու մեթոդները կիրառվում են բոլոր առարկաների քննության ժամանակ։ Այդ առումով մարզերից առաջատարն Արմավիրն է։ Այս տարի եղել է դեպք, երբ երեք քննական կենտրոնում էլ հեռացումներ են եղել՝ շուրջ 10 դիմորդ։ Դիմորդներից հուշման սարքերը վերցվում են, որ դրանք չօգտագործվեն նաև մյուս քննությունների ժամանակ կամ չփոխանցվեն այլ դիմորդների, հետո վերադարձվում են։

Գործածվում են նաև մետաղական փոքր լսող սարքերի։ Դրսնք մագնիսի միջոցով տեղադրվում են ականջում և հեռացվում նույն մագնիսի օգնությամբ։ Պատահել է, որ բացահայտվելուց հետո դիմորդը ուղղակի չի կարողացել ականջից հանել լսող սարքը, քանի որ այն տեղադրել է բժիշկը և բժիշկն էլ պետք է հեռացներ։ Եղել են դեպքեր, որ դիմորդները ականջակալները հանելու ընթացքում նաև իրենց լսողությանը վնաս են պատճառել։

Եթե հուշող սարքից օգտվող դիմորդները քննությունից հեռացվում են ձմռանը, ամռան քննություններին կարող են մասնակցել, իսկ եթե կարգը խախտում են ամռանը, նոր հնարավորություն կարող են ունենալ արդեն հաջորդ տարի։ Նշենք նաև, որ հուլիսի 18-ին հայտնի կդառնան բուհ ընդունված դիմորդները։