ԿրթությունՀայաստան

Մասնագիտական կրթության ոլորտում լիցենզավորման նոր կարգ է սահմանվում

Հայաստանում փոփոխվում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող քոլեջների լիցենզավորման կարգը։ Այս փոփոխությունները բխում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից, որը ընդունվել է նախորդ տարի։ 

Կառավարության հուլիսի 24-ի նիստում արդեն հաստատվել են լիցենզավորման նոր մոտեցումները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը։

Եթե նախկինում քոլեջները ստանում էին մեկ ընդհանուր լիցենզիա, որով և՛ կրթական գործունեություն էին իրականացնում, և՛ ստանում էին իրավունք որոշակի մասնագիտությամբ ուսուցում կազմակերպելու համար, ապա նոր կարգավորումները այդ գործընթացը բաժանում են երկու տարբեր լիցենզիայի։ Առաջին լիցենզիան կտրվի որպես հաստատության գործունեության թույլտվություն, որի դեպքում կգնահատվեն շենքային պայմանները, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը, ուսումնական տարածքների հարմարավետությունն ու անվտանգությունը։ Սա, կարելի է ասել, հաստատությունն ընդհանուր առմամբ ուսումնական գործունեություն իրականացնելու հնարավորությունն է հաստատող փաստաթուղթ է։

Երկրորդ լիցենզիան կտրվի արդեն կոնկրետ մասնագիտությամբ կրթական ծրագիր իրականացնելու համար։ Այստեղ շատ ավելի մանրամասն կդիտարկվի՝ արդյոք տվյալ քոլեջն ունի համապատասխան մասնագետներ, տեխնիկական հնարավորություններ, գործնական հարթակներ, լաբորատորիաներ և ուսումնական պլաններ՝ այդ մասնագիտությամբ ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Նոր կարգը նաև ավելի մեծ հնարավորություններ է տալիս մասնավոր ոլորտի հետ համագործակցությանը։ Մասնավորապես, նվազեցվել է հիմնական աշխատակազմի պահանջվող համամասնությունը՝ նախկին 70 տոկոսի փոխարեն սահմանվել է նվազագույնը 30 տոկոս։ Սա թույլ կտա, որ քոլեջները ավելի ակտիվորեն ներգրավեն մասնավոր հատվածում աշխատող փորձառու մասնագետներին, ովքեր չունեն հիմնական ուսուցչի կարգավիճակ, բայց ունեն գործնական գիտելիքներ։ Այդպիսի մոտեցումը կնպաստի ուսանողների՝ իրական աշխատաշուկային ավելի մոտ գիտելիքներով և հմտություններով պատրաստվելուն։

Լիցենզավորման նոր կարգը կգործի միայն նոր մասնագիտությունների դեպքում։ Եթե որևէ քոլեջ ցանկանա սկսել նոր մասնագիտությամբ կրթական ծրագիր, ապա այդ դեպքում արդեն կգործեն նոր չափանիշները։ Քոլեջներին տրվելու է վեց ամսվա ժամկետ՝ իրենց պայմանները նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։

Սեդա Մարտոյան