ԿրթությունՀայաստան

Մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացը շարունակվում է

Մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացը մեկնարկել է հուլիսի 24-ից և իրականացվում է dimord.emis.am հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը: Նա ընդգծել է, որ այս տարի ընդունելության մասնակցության ցուցանիշը շարունակում է աճել, ինչը խոսում է մասնագիտական կրթության նկատմամբ երիտասարդների մեծացող հետաքրքրության մասին:

Ոլորտային մասնագիտությունների դեպքում հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը, իսկ օգոստոսի 9-ից 17-ը կկազմակերպվեն ընդունելության քննություններ: Իսկ ոչ ոլորտային մասնագիտությունների համար առաջին փուլը կտևի մինչև օգոստոսի 17-ը և իրականացվելու է առանց քննության՝ հիմնվելով դպրոցի վկայականի միջին գնահատականների վրա: Այսինքն՝ դպրոցականների մեծ մասը հնարավորություն ունի հեշտ և արագ ձևով դիմել նախընտրած կրթօջախներ:

Ընդունելության տվյալների ամփոփումից հետո դիմորդները կբաշխվեն ուսումնական հաստատություններով, իսկ եթե որոշ մասնագիտություններում մնան թափուր տեղեր, ապա օգոստոսի 17-ից կհայտարարվի երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել թե՛ առաջին փուլում չընդունվածները, թե՛ նոր դիմորդները:

Արաքսյա Սվաջյանը նշել է, որ վերջին տարիներին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: Ըստ անցյալ տարվա տվյալների՝ 9-րդ դասարանի աշակերտների գրեթե յուրաքանչյուր երրորդը դիմել է մասնագիտական ուսումնական հաստատություններ, իսկ ընդունելության ցուցանիշը 11 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները: Առողջապահական, արվեստի և մշակույթի ոլորտները շարունակում են մնալ ամենապահանջված մասնագիտությունները, ինչը ցույց է տալիս նաև կրթական համակարգի զարգացման միտումները:

Սեդա Մարտոյան