
Մատենադարանին նվիրաբերվել է 1861 թվականին Բաղդադում գրված արժեքավոր ձեռագիր
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին փոխանցվել է 1861 թվականին Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրը՝ հարակից արժեքավոր վավերագրերի հետ միասին։ Այն կարևոր աղբյուր է Իրաքի հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար։
Մատենադարանից հայտնում են, որ նվիրատվությունը կատարվել է «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում։ Ձեռագիրը և վավերագրերը նվիրել է Մատենադարանի բարեկամ ու մշտական նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը։ Նվիրատվությունը Մատենադարանին է փոխանցվել նրա լոնդոնաբնակ որդու՝ հայտնի հայագետ Տիրան Ներսեսյանի միջոցով։
Մատենադարանը ընդգծում է, որ այս նոր գտածոն համալրում է սփյուռքում պահվող ձեռագրերի վերադարձի գործընթացը՝ հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել հայկական համայնքների բազմադարյա մշակութային ժառանգությունը։