Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը
Հոկտեմբերի 31-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանի բրոնզաձույլ արձանը։ Այն ունի 2․8 մետր բարձրություն։ Արձանի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։
Միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Ժաննա Անդրեասյանը, Մանարյանի ընտանիքի անդամները, մտավորականներ, արվեստագետներ և այլք։ Բացման խոսքում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ արձանը տեղադրվել է Մանարյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում։
Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում եմ, որ այս արձանը տարբերվում է, որովհետև այն փոքր-ինչ խաղարկային է, և այդ իմաստով կարծես Տիկնիկային թատրոնի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն: Սա թերևս ամենակարևոր միջոցներից մեկն է, որ մենք կարող ենք պատշաճ անդրադառնալ Երվանդ Մանարյանին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որ նա ունեցել է արվեստի զարգացման և հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում:
Արձանի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, իսկ Տիկնիկային թատրոնում բացվել է Մանարյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես։