ԿրթությունՀայաստան

Երևանի դպրոցներում կարող են սահմանափակվել բջջայինների օգտագործումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկում է քննարկել դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը։ Նրա խոսքով՝ այսօր հեռախոսները դարձել են դասարաններում ամենամեծ «գայթակղիչը», ինչի հետևանքով գիտելիքն ու անմիջական շփումը մղվում են երկրորդ պլան։

Ավինյանը հիշեցրել է միջազգային փորձը՝ նշելով, որ մի շարք երկրներում արդեն արգելել կամ սահմանափակել են բջջայինները դպրոցներում, և այդ քայլը տվել է տեսանելի արդյունքներ։ Օրինակ՝ Անգլիայում ուսանողների առաջադիմությունը բարելավվել է, Նորվեգիայում նվազել է հոգեբանական աջակցության կարիքը, իսկ Ֆրանսիայում բուլինգի դեպքերը նվազել են, երեխաներն էլ սկսել են ավելի շատ շփվել միմյանց հետ։

Քաղաքապետը վստահ է, որ նման սահմանափակումը կարող է օգնել Երևանի դպրոցներում ստեղծել առողջ ու խթանող միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն ավելի կենտրոնացած կսովորեն, այլև կունենան իրական ընկերական կապեր առանց տեխնոլոգիական խանգարող գործոնների։

Այս առաջարկը քննարկումների փուլում է, և հարցը կարող է առաջիկայում դառնալ կրթական միջավայրի կազմակերպման կարևոր թեմա։

Սեդա Մարտոյան