
Ամասիայում նոր դպրոց է կառուցվում
Շիրակի մարզի Ամասիա համայնքում սկսվել է նոր դպրոցի շինարարությունը։ Այն նախատեսված է Ամասիա, Բանդիվան և Հովտուն գյուղերի 288 աշակերտի համար։
Դպրոցը կկառուցվի 1988-ի երկրաշարժից հետո վթարային դարձած նախկին դպրոցի տարածքում, որը ապամոնտաժվել է։ Նոր շենքը կլինի եռահարկ, կունենա չորս մասնաշենք, լաբորատորիաներ, խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ։ Տարածքում կտեղադրվեն նաև արևային պանելներ։ Այս պահին արդեն աշխատանքները մեկնարկել են։ Իրականացվում են հիմքերի բետոնավորման աշխատանքներ։ Ամասիայի համայնքապետարանից տեղեկացրին, որ այս պահին Ամասիայի դպրոցի դասապրոցեսը շարունակվում է Արհեստագործական ուսումնարանի երկու մասնաշենքում։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի օգոստոսին։ Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։