
Կոտայքի մարզի Նաիրի համայնքում բացվել են երեք նոր մանկապարտեզ
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի երեք բնակավայրերում՝ Պռոշյանում, Արագյուղում և Բուժականում, բացվել են նոր մանկապարտեզներ։
Պռոշյանում կառուցված մանկապարտեզը նախատեսված է շուրջ 120 երեխայի համար։ Նման հնարավորություն առաջին անգամ ստացավ նաև Արագյուղը․ գյուղում մինչ այժմ մանկապարտեզ չի գործել։ Այժմ կառուցված մանկապարտեզ կարող են հաճախել 70-ից ավելի փոքրիկներ։ Բուժականում կառուցված երկհարկանի մանկապարտեզը ևս նախատեսված է 120 երեխայի համար, բայց այս փուլում հաճախում է մոտ 70 երեխա։
Երեք մանկապարտեզների կառուցման ընդհանուր արժեքը գերազանցում է 440 մլն դրամը։ Ծրագրերը կյանքի են կոչվել սուբվենցիոն մեխանիզմով՝ 70 տոկոսը ֆինանսավորել է կառավարությունը, իսկ 30 տոկոսը՝ համայնքը։
Բոլոր նորակառույց մանկապարտեզների տարածքներում կառուցվել են խաղահրապարակներ և իրականացվել է բարեկարգում։
Նաիրի համայնքը ներառում է 8 բնակավայր (Եղվարդ, Զովունի, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Զորավան, Բուժական, Սարալանջ), որտեղ ապրում է ավելի քան 41 հազար մարդ։