
Գիտական աստիճանների նոր համակարգ. արդյոք Հայաստանը համընթաց է աշխարհի հետ, թե՞ կորցնում է գիտության զարգացման ճանապարհը
Հայաստանում սեպտեմբերի 11-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Օրենքը նախատեսում է արմատական փոփոխություններ գիտական աստիճանների համակարգում։ Մասնավորապես դոկտորի և թեկնածուի կոչումները միաձուլվում են, և գործելու է միայն «գիտությունների դոկտոր» կոչումը։ Սակայն ոլորտի մասնագետները զգուշացնում են՝ նոր կարգավորումները կարող են վտանգել գիտության զարգացման դինամիկան։
Նոր օրենքը հավասարեցնում է նախկինում առկա երկու աստիճանները՝ գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի։ Այսպիսով, երկաստիճան համակարգը դադարում է գործել։ Փոփոխությունների նախաձեռնողները շեշտում են, որ այս մոդելը համահունչ է միջազգային չափանիշներին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ աշխարհում գոյություն ունի երկու հիմնական համակարգ՝ անգլոսաքսոնական և կոնտինենտալ եվրոպական։ Առաջինում, ինչպես Անգլիայում և ԱՄՆ-ում, գործում է միայն մեկ գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր (PhD)։ Հայաստանի նոր համակարգը հենց այս մոտեցմանն է մոտենում։
Amnews.am-ը թեմայի շուրջ զրուցել է կրթության փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանի հետ։
Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ կոնտինենտալ եվրոպական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Պորտուգալիան, գործում է երկաստիճան համակարգ։ Այստեղ երկրորդ աստիճանը գիտնականին հնարավորություն է տալիս տարիների ընթացքում խորանալ իր ոլորտում, տպագրել գրքեր ու հոդվածներ, պատրաստել նոր մասնագետներ։
Փորձագետը հավելում է, որ գիտությունների դոկտորի աստիճանը հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում ևս շարունակում է պահպանվել և կարևոր դեր ունի գիտության զարգացման համար։
Հայաստանում ևս մինչ նոր օրենքի փոփոխությունը գործել է նույն մոդելը, և հենց այդ երկրորդ աստիճանն էր գիտությանը նորարարություններ ու խորություն հաղորդում,- ասում է նա։
Փորձագետը շեշտում է, որ նոր օրենքի պայմաններում մարդիկ, ավարտելով ասպիրանտուրան, անմիջապես ստանալու են դոկտորի աստիճան և դրանով սահմանափակվելու։ Նրա խոսքով՝ չի լինելու մոտիվացիա գիտության մեջ խորանալու, գրքեր տպագրելու, նոր կադրեր պատրաստելու համար։