ԿրթությունՀայաստան

Կրթական անհանգստություններ․ կամավոր ատեստավորումը լարվածության պատճառ է դարձել

Այս տարվա կամավոր ատեստավորմանը դիմած ավելի քան 8400 ուսուցիչներից 7200-ը մասնակցել են գործընթացին. նրանց շուրջ 67.2 %-ը, չհաշված վերջին բողոքարկումների արդյունքները, հաջողությամբ հաղթահարել է գնահատումը։ Տվյալները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։

Նախնական արդյունքներով՝ ավելի քան 4800 ուսուցիչ արդեն օգտվել է վարձատրության բարձրացման հնարավորությունից։

Ի հակադրություն պաշտոնական հայտարարություններին՝ Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն արդեն մի քանի օր է, ինչ ահազանգում է, որ տարբեր առարկաների մի շարք ուսուցիչներ բողոքում են գործընթացի դեմ՝ այն համարելով ոչ լիարժեք, ոչ թափանցիկ և որոշ դեպքերում՝ մասնագիտական չափորոշիչներին չհամապատասխանող։

Տարբեր դպրոցներից և մարզերից ստացված բաց նամակներում ուսուցիչները մատնանշում են մի քանի հիմնական խնդիր՝ թեստային հարցերի ձևակերպումների անհամապատասխանությունը, դասագրքային նյութից դուրս տրված առաջադրանքները, գնահատման համակարգի նկատմամբ անվստահությունը, բողոքարկման ընթացակարգի ոչ արդյունավետ լինելը և այլն։

Որոշ առարկաների մասնագետներ, օրինակ՝ երաժշտության, օտար լեզուների, հասարակագիտության, ֆիզիկական կուլտուրայի և այլն, նշում են, որ գնահատման չափորոշիչները չեն բացահայտվում ամբողջությամբ, բողոքարկման պատասխանները չեն վերացնում բուն խնդիրը, և որոշ դեպքերում ուսուցիչները կանգնում են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։

Խոսելով պաշտոնական թվերից՝ Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը նշում է.

«Ամեն օր տասնյակ նման նամակներ եմ ստանում, բոլոր առարկաները նույն խնդիրներն են գրեթե բարձրացնում։ Նման դեպքում այսքան բողոքն ու արդյունքները մի տեսակ անհամահուն չեն թվում»։

Ուսուցիչների հստակ պահանջն է, որ ԿԳՄՍ նախարարությունը վերանայի կամավոր ատեստավորման գործընթացը, ապահովի թափանցիկություն, արդար գնահատում և իրական հնարավորություն մասնագիտական կարողությունները ցույց տալու համար։

Մարինա Գրիգորյան