Ցեղասպանության հուշահամալիրում շինաշխատանքները շարունակվում են
Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Ընթացքին ծանոթանալու նպատակով հուշահամալիր է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի հետ միասին։
Նախարարին ներկայացվել են իրականացված աշխատանքները, առաջիկա փուլերի մանրամասները։ Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն նախագծի պահանջներին համապատասխան՝ պահպանելով շինարարական որակի բարձր չափանիշները։
Օգոստոսից հուշահամալիրում սկսված շինաշխատանքները բուռն քննարկման թեմա են դարձել. շատերը մեղադրում են իշխանություններին համալիրը քանդելու մեջ։ Նախարար Անդրեասյանը պարզաբանել էր, որ հուշահամալիրի կառուցումից ի վեր՝ մոտ 60 տարվա ընթացքում, վերանորոգում չի իրականացվել, ի հայտ են եկել ջրահեռացման համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ։ Ըստ նախագծի՝ աշխատանքները պետք է ավարտվեն 300 օրում, ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դրամ։
