ՀայաստանՌազմական

Երևանի 147 դպրոցում բացվեց Ռոբերտ Աբաջյանի արձանը

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում հունվարի 28-ին հանդիսավոր կերպով բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Բրոնզաձույլ արձանի հեղինակն է քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Ռոբերտ Աբաջյանը պատկերված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են՝ «Դիրքը հանձնողի․․․»։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի հայրը, Ալեքսանդր Աբաջյանը, նշեց․

Արձանի բացման օրն էլ պատահական չէր․ այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակն է։ Ալեքսանդր Աբաջյանը մաղթեց, որ հայ զինվորները միշտ խաղաղ երկնքի տակ ծառայեն։

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ․ նոյեմբերի 16-ին։ Զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրել՝ տպավորություն ստեղծելով, որ հանձնվում է։ Թույլ տալով, որ թշնամին բավականաչափ իրեն մոտենա, Աբաջյանը բաց է թողել նռնակը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։