ԱրցախԿրթություն

Արցախից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատություններում սովորողները վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ պետբյուջեից հատկացումներ կլինեն Արցախից բռնի տեղահանված նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացողների համար։ Նրանց վարձը կփոխհատուցի Կառավարությունը։

Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորող Արցախի սովորողների ուսման վարձի փոխհատուցում:

Նախատեսվում է նաև այս տարի առաջին կուրս սովորողների ուսման վարձի փոխհատուցում։

Մարզերում նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները և մանկավարժական աշխատողները կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք աշխատանքի կամ ուսումնառության նպատակով հաճախում են իրենց փաստացի բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրի հաստատություն:

Ծրագրի համար կհատկացվի 54 մլն 573.5 հազար դրամ։ Դրանից 30 մլն 710 հազար դրամը կուղղվի ՄԿՈւ հաստատություններում սովորող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։ ՄԿՈւ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողները տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունոը կհատկացնի 23 մլն 863 հազար դրամ: