ԿրթությունՀայաստան

Հայ-չինական գրական կամուրջ․ մշակութային հարաբերությունների նոր էջ

Հայ և չինացի ընթերցասերները հնարավորություն են ստացել մայրենի լեզվով կարդալ երկու երկրների դասական ստեղծագործությունները։ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված հուշագրով թարգմանվել և թարգմանվում են երկու երկրների դասական ստեղծագործությունները։ Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանի, հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը։

Արդյունքում չինարեն է թարգմանվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» ստեղծագործությունները։ Հայաստանում էլ լույս կտեսնեն Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաք», Լու Սյունի «Պատմվածքներ», Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոցը» և մի շարք այլ գործեր:

2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, համաձայն պայմանավորվածության, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի մի շարք ստեղծագործություններ։

Հուշագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի ազգային մամուլի և հրատարակչության վարչությունների միջև։