Հայ աշակերտները հաջողություն են գրանցել ռոբոտաշինության միջազգային առաջնությունում
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավագ և Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցների «Արմաթ» աշխատանոցների սաներ Վանիկ Մանուկյանը և Օնիկ Հակոբյանը երկրորդ տեղ են զբաղեցրել Պանամայում կայացած հեղինակավոր «FIRST Global» ռոբոտաշինության միջազգային առաջնությունում։
Մրցույթին մասնակցել է 192 թիմ՝ 182 երկրից։
«FIRST Global»-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից մեկն է։ Այս տարվա թեման եղել է բնապահպանական խնդիրների լուծումը ռոբոտների միջոցով, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց ստեղծած ռոբոտները՝ ուղղված մոլորակի պահպանությանը։
Հայաստանի թիմի մարզիչ-խմբավարը եղել է Էրիկ Միրզոյանը։ Թիմի կազմում ընդգրկված են եղել նաև Դվինի միջնակարգ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Դավիթ Ղազարյանը և Երևանի թիվ 131 դպրոցի սան Մարի Օհանյանը։
