Հրապարակվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է նոյեմբերի 8-ից 30ը։
Դեկտեմբերի 6-ին և 7-ին նախատեսված է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժների կամավոր ատեստավորումը, իսկ նոյեմբերի 29-ին կանցկացվի հոգեբանական ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի տարբեր մարզերից պատմության շուրջ 300 ուսուցիչներ բողոքել էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հոկտեմբերի 22-ի հրամանի դեմ, որով ատեստավորման ժամանակացույցում վերջին պահին կատարվել էին փոփոխություններ։ Թեմայի շուրջ զրուցել էինք ուսուցիչների իրավունքների պաշտպան, հոգեբան, կրթության փորձագետ Արմինե Դավթյանի հետ։ Վերջինս նշել էր, որ վերջին տարիներին ուսուցիչ–պետություն հարաբերություններում նկատվում է զգալի սառեցում. առկա են հարթակներ, սակայն իրական երկխոսություն չկա։ Սա, ըստ նրա, առավել զգայուն է դրսևորվում պատմության ուսուցիչների մոտ, որոնց աշխատանքի մեջ առկա են ինքնության, ազգային հիշողության և գաղափարական ճնշումների ռիսկեր։
