
Հիմա հայրենասիրությունը հռչակվել է կեղծ կատեգորիա․ պատմաբան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով ուժը կորցրած են ճանաչվել 2022-2024 թթ. հաստատված՝ «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը և ծրագրերը: Մեկ այլ հրամանով հաստատվել են «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ ու արդեն «Հայաստանի պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական ծրագրերը, ապա նաև՝ առարկայական չափորոշիչը: Արդյունքում՝ էական փոփոխություններ են կատարվել «Հայրենագիտություն» բնագավառի առարկաների ծրագրերում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած հրամանի մեջ կարելի է տեսնել, որ նոր առարկայական ծրագրերից ջնջվել կամ վերաձևակերպվել են մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են հայապահպանությանը, ազգային ինքնությանն ու միասնականությանը։ Այս թեմայով զրուցել ենք պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի հետ։
Ինչպե՞ս եք բացատրում «Հայոց պատմություն» առարկայի վերանվանումը «Հայաստանի պատմություն»։ Դա, ըստ Ձեզ, ինչո՞վ կարող է ազդել ազգային ինքնագիտակցության ձևավորման և պատմական գիտակցության վրա։
Ճիշտն ասած, և՛ մասնագիտական, և՛ ուսուցիչների շրջանակներում հարցին բազմաթիվ անգամներ անդրադարձներ են եղել։ Ինչպես գիտեք, անվանափոխության հարցը դրված էր նաև առցանց քվեարկության։ Ըստ այդմ՝ մինչև վերջին պահը այն մարդիկ, ովքեր դեմ էին անվանափոխությանը, ավելի մեծ թիվ էին կազմում։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, ի վերջո, որոշվեց (և դա քաղաքական որոշում էր) և կատարվեց այդ փոփոխությունը։ Բազմիցս հիմնավորվել է, որ «Հայոց պատմությունը» նշանակում է և՛ Հայաստանների՝ Մեծ և Փոքր Հայքերի, և՛ հայերի պատմություն։ Ուստի ամենևին էլ հիմնավորված չէր անվանափոխությունը։
Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա դա դպրոցի սաների վրա։
Մասնագիտական առումով այն հիմնավորումը, թե շեշտադրումը պետականության պատմության վրա է, կամ, որ Հայոց պատմությունը միասնական պետության բացակայության ժամանակաշրջանի պատմություն է, համոզիչ չթվաց լուրջ մասնագետներին։ Նույն քաղաքական որոշմամբ պայմանավորված՝ արդեն տեսնում ենք, որ բովանդակային փոփոխություններ են առաջարկում և ձգտում են ազատվել իրենց կողմից ոչ ընդունելի, այսինքն՝ ազգայինը, հայկականը շեշտադրող ձևակերպումներից։
Ինչո՞ւ են դպրոցական ծրագրերից աստիճանաբար դուրս մղվում Արցախյան հիմնախնդրին վերաբերող թեմաները։
Բազմաթիվ իշխանականներ փորձում են իրենք իրենց ուղղել, երբ արտաբերում են «Արցախ»։ Ձեր նշածը այդ ամենի հետ անմիջական կապ ունի։
Եթե Արցախի վերաբերյալ թեմաներ չկան, ու դուք դա բացատրում եք քաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխություններով՝ այդ դեպքում ինչո՞ւ են հանվել նաև հայապահպանությանը, միասնականությանը և այլ թեմաներին վերաբերող բովանդակային պահանջները։
Ես շատ կուզենայի իմանալ, թե ով կամ ովքեր են դա կատարողները և ի՞նչ տրամաբանությամբ են դա արել՝ իրենց սեփական ցանկությամբ, թե՞ էլի պատվեր է եղել։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, ուզում եմ իմանալ, թե դրա նպատակը որն է։
Փոփոխությունները պատմագիտական մոտեցումների հիման վրա են արվել, թե՞ ավելի շատ քաղաքական նպատակներ ունեն։
Նախ ես ուզում եմ հասկանալ, թե դա ովքեր են արել, ի՞նչ արժեհամակարգի կրողներ են, հայրենասիրության վերաբերյալ ի՞նչ մոտեցումներ ու տեսակետներ ունեն և թե ի՞նչ տրամաբանությամբ է սա կատարվել։ Այդ սուբյեկտի ինչպիսի՞նը լինելն է կարևոր։ Այս պահին, որպես ազգի ներկայացուցիչ, դասագրքային, ծրագրային առաջնահերթությունը ինչպե՞ս է պատկերացնում։ Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո կարելի է միայն հասկանալ նրա նպատակը։
Իսկ գիտական կամ պատմական հիմնավորումներ կա՞ն, որոնք կարդարացնեն այդ փոփոխությունները։ Նոր հրատարակված գրքերի մեջ ինչ-որ դրական կողմեր կա՞ն։
11-րդ դասարանի նոր դասագիրք չկա։ Նոր դասագիրքը պետք է գրվի փետրվարի 3-ին հաստատված ծրագրին համպատասխան։ Նախկինում գրված և ներկայումս գործածության մեջ գտնվող ավագ դպրոցի դասարանների դասագրքերը այժմ գործածության մեջ են։ Ինչ խոսք, վրիպակներ կլինեն այդ դասագրքերում, բայց արդեն նոր գրվելիք դասագրքերում ծրագրում առկա ոչ ազգանպաստ ձևակերպումները, ազգայինի խեղումները դասագրքի լավորակ լինելու հավանականությունը կասկածելու առիթ են տալիս։ Այսինքն՝ ակներև է, որ հեղինակները պետք է առաջնորդվեն այն տենդենցով, որով մի քանի պետական գործիչներ հռչակել են հայրենասիրությունը որպես կեղծ կատոգորիա և դրանից վտանգ են զգում իրենք։
Տարիներով դպրոցական համակարգի հիմքում եղել է ազգային, հայրենասիրական դաստիարակությունը, ազգային դիմագծի պահպանումը, ազգային մշակույթի զարգացումը, փոխանցումը։ Իսկ հիմա հայրենասիրությունը հռչակվել է կեղծ կատեգորիա։
Իսկ ո՞ր դասարանի «Հայոց պատմության» դասագիրքն է ավելի խնդրահարույց։
Անցած տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել եմ 7-րդ դասարանի գործող դասագրքի և՛ մասնագիտական, և՛ լեզվական, և՛ տեխնիկական, և՛ գեղագիտական սխալներին, որակապես վատը լինելուն։ Այդ 176 էջանոց գրքերի վերաբերյալ հեղինակը ներկայացրել է մասնագետների կողմից արված դիտարկումների, դիտողությունների, մատնացույց արված սխալների պատասխանը՝ 160 էջանոց գիրք։ Դրանով ուսուցիչը պետք է ամեն դասից առաջ սխալների ուղղում անի դասագրքի վրա, որովհետև գրեթե էջ չկա, որտեղ սխալներ չլինեն։ Դրանից հետո տպագրվել է 8-րդ դասարանի դասագիրքը՝ նույն հեղինակի և այլ երկու համահեղինակների աշխատանքի արդյունքում։
Մասնագիտական շրջաններին շատ լավ հայտնի է, թե ինչպես են կատարել մրցույթը․ դասագիրքը չի հաղթահարել մրցութային շեմը, կատարվել է «կրկնակի փորձաքննություն», որն արգելվում է իրականացնել առանց շեմը հաղթահարելու։ Եվ երբ որ Պատմության ինստիտուտը և առանձին պատմաբաններ ներկայացրել էին այդ դասագրքի սխալների վերաբերյալ նոր փաթեթ, չգիտես՝ ինչ կերպով այն հայտնվել է հեղինակների ձեռքում և դասագիրքը հիմնովին վերամշակվել է։ Մրցութային կարգի խախտումով հայտարարվել է կրկնակի փորձաքննություն, և վերամշակումից հետո դասագիրքը անցկացվել է։
Ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին հանգել ենք դասագրքերի փոփոխության արդյունքում։
Զեյթունի 1862 թվականի ապստամբության՝ հայոց պատմության փառապանծ էջերից մեկի մասին ընդամենը 1-2 պարբերությամբ է խոսվում, ֆիդայական, հայդուկային շարժումը ներկայացված է 5-7 նախադասությամբ։ Մեր թշնամին ինչի՞ միջոցով հասավ մեր նկատմամբ հաղթանակի։ Երբ որ մանկապարտեզից սովորեցնում է, որ Ուրարտուն Ադրբեջան է, հայերը քոչվորներ են, հայերը մեր ոխերիմ թշնամիներն են, Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է և այլն։ Օրորոցից նրանց մեջ ներարկում են սուտը, կեղծիքը, հայատյացությունը, մոլեռանդությունը։ Իսկ մենք «իրական Հայաստան», «խաղաղության դարաշրջան», հանդուրժողականություն ենք քարոզում։
Վերադառնալով թեմային՝ կարո՞ղ ենք ասել, որ նոր հրատարակվող 11-րդ դասարանի դասագրքերն էլ կարժանանան նույն ճակատագրին և էլի մեծ քննարկումների առիթ կդառնան։
Լուրջ մասնագետների կողմից՝ այո՛։ Եթե պատվիրված ձևով պիտի շարադրվի, ապա՝ իհարկե։ Ապազգային մոտեցումներով շարադրված դասագիրքը ընդունելի չի լինելու։