ԿրթությունՀայաստան

2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ապարանն է

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը պաշտոնապես ստանձնել է Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը: Տիտղոսի հանձնումը տեղի է ունեցել հանդիսավոր արարողության ընթացքում: Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին: Երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Երիտասարդության պայծառ գույները» խորագրով կտավի ստեղծումը:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

Նախարարությունից նշում են, որ Ապարանը 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք ընտրվել է դժվարին մրցակցության պայմաններում. հաշվի են առնվել մրցույթի չափանիշները։ 2024 թվականին երիտասարդական մայրաքաղաք էր դարձել Գավառը։