ԿրթությունՀայաստան

Կրթական բարեփոխումներ Հայաստանում. ինչ է փոխվել 2024-ին

Հայաստանում կրթության ոլորտում 2024 թվականը նշանավորվեց մի շարք փոփոխություններով։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կատարած աշխատանքների արդյունքները։

Ըստ նախարարի հրապարակած տվյալների՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը զգալիորեն աճել է։ Եթե տարիներ առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը սահմանափակ էր, ապա այժմ իրավիճակը փոխվում է։ Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի շրջանակում նախադպրոցական կրթության ընդգրկվածությունը հասել է 75%-ի՝ 2017-ի 56%-ի փոխարեն։ Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ ավելի շատ երեխա հնարավորություն է ստանում վաղ հասակից կրթություն ստանալ։

Երևանում, Գյումրիում և Վանաձորում փորձնական ծրագրով ներդրվել են մսուրային խմբեր 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար։ Ծնողները կարող են իրենց փոքրիկներին վստահել մանկավարժներին և կենտրոնանալ աշխատանքի վրա։ Այս քայլը կօգնի թեթևացնել հատկապես երիտասարդ ծնողների առօրյան։

Նախարարը կարևորեց նաև 9-րդ դասարանից հետո կրթություն շարունակող շրջանավարտներին։ 2023 թվականի տվյալներով՝ 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակել է շրջանավարտների 30,1%-ը։ Բացի դա՝ 2024-ին ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը ընդունվել են բուհեր, որոնցից 61%-ը սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով։

Արցախից տեղահանված 17 հազար երեխաների կրթության համար կառավարությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ։ Հատուկ ուշադրություն է դարձվում, որ նրանք հնարավորինս արագ ինտեգրվեն կրթական համակարգին։