
Պուշկինի անվան դպրոցը դասադուլ է անում
Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ մայիսի 12-ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի բակում՝ հայտարարելով, որ այսօր ուսումնական գործընթացը դադարեցված է։
Ծնողների խոսքով՝ իրենց հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանին վերադարձնել պաշտոնին։ Ակցիայի մասնակիցները դպրոցից շարժվել են դեպի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ իրենց ձայնը բարձրացնելու պետական կառույցի մոտ։
Մայիսի 8-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները վաղ առավոտից ստորագրահավաք են իրականացնում։ Պատճառն այն է, որ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատել են։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է իրավիճակը։ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկրորդ անգամ չի հաղթահարել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։
Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մարտի 29-ին։ Ստեփանյանը մասնակցել է նոր մրցույթին, սակայն հարցազրույցի փուլը չի անցել։ Նախկին տնօրենը վիճարկել է արդյունքները, և այժմ ընթանում է բողոքարկման գործընթացը։