Հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարի 1-ից
Միասնական տոմսային համակարգն հանրային տրանսպորտում ամբողջությամբ կգործարկվի 2025 թվականի հունվարի 1-ից: Նախատեսվում է վճարումների մի քանի տարբերակ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:
Դա ուղղված է նրան, որպեսզի ստվերային շրջանառությունը և այլ արատավոր երևույթները, որոնք ստիպում են քաղաքապետարանին ավել գումար հատկացնել էս ոլորտին՝ այդ երևույթների պատճառով գոյացած բացը րացնելու համար, վերանան, — նշել է Սուրեն Գրիգորյանը։
Տոմսային համակարգի ամբողջական գործարկումից հետո ամբողջովին կվերացվեն նաև ժետոնները։ Նախատեսվում է մայրաքաղաքը ազատել հին ավտոբուսներից։ Ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների՝ հոկտեմբերին նախատեսվում է ձեռք բերել 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս։
Նախօրեին Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հանրային տրանսպորտում անկանխիկ վճարումների թիվը պակասել է։ Նա առաջարկել է որոշակի սահմանափակումներ մտցնել ավտոբուսների և տրոլեյբուսների վճարման համակարգում՝ օգտվելով մետրոպոլիտենում իրականացված փորձից, քանի որ մի շարք տեղերում հանվել են ժետոնները և անկանխիկ վճարումը դարձել է պարտադիր պայման։ Այդ պատճառով մետրոպոլիտենում անկանխիկ վճարումների թիվը աճել է։