ԿրթությունՀայաստան

Հաստատվել են 4–րդ, 9–րդ և 12–րդ դասարանների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման ժամկետները։ Քննությունները կկայանան սահմանված ժամանակացույցով՝ ըստ դասարանների և առարկաների։

4-րդ դասարանի սովորողները հունիսի 3-ին թեստային գրավոր աշխատանք կգրեն «Մայրենի» առարկայից, իսկ հունիսի 6-ին՝ «Մաթեմատիկա»-յիվ։ Բացի այդ, քննաշրջանի ընթացքում կանցկացվեն նաև «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների, և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար նախատեսված ստուգումները։

9-րդ դասարանում ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝ հունիսի 5-ին՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ), հունիսի 12-ին՝ «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ), հունիսի 19-ին՝ բնագիտական առարկաներից (ընտրությամբ՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն», գրավոր, թեստ): Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից միասնական էսսե-քննությունը կկայանա հունիսի 25-ին։ Մյուս առարկաներից՝ «Հայոց պատմություն», «Գրականություն», օտար լեզուներ, ռուս գրականություն, մայրենի լեզու և գրականություն, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» բանավոր և ստուգարքային քննությունները կանցկացվեն քննաշրջանի ընթացքում։

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին. հունիսի 9-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), հունիսի 16-ին՝ «Հայոց պատմություն» (գրավոր), և հունիսի 23-ին՝ «Մաթեմատիկա» (գրավոր): Մնացած առարկաներից քննությունները, այդ թվում՝ օտար լեզուներ, ռուսաց լեզու, մայրենի լեզու և գրականություն, ինչպես նաև ֆիզկուլտուրա, կանցկացվեն քննաշրջանի ընթացքում։