ՀայաստանՍոցիալական

Էկոպարեկների մեքենաների համար ավելի շատ գումար է հատկացվել, քան գիտությանն ու գյուղատնտեսությանը

509 մլն 512 հազար դրամն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելու և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելու համար։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 22 մեքենաները, որոնք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են՝ դժվարամատչելի տարածքներ հասնելու համար, հատկացվելու են մարզային վարչությանը:

Եթե դիտարկենք 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրերի համար հատկացված 2024 թվականի բյուջեն, ապա նոր գործառնական մեքենաների գումարը 35․3 %-ով գերազանցում է այն։

2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրերի համար հատկացվել էր 309 մլն դրամ։

509 մլն դրամը գերազանցում է նաև 2024 թվականի պետբյուջեով սահմանված գիտության բնագավառի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծառայություններին հատկացված գումարը։ Վերոհիշյալ ծառայության համար սահմանված է եղել 409 մլն դրամ։

Համեմատության համար կարող ենք դիտարկել նաև գյուղատնտեսության տնտեսական հագեցվածության բարելավման համար նախատեսված ծախսը, որը կազմել է շուրջ 340 մլն դրամ։

Ի դեպ, գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի 10.4 %-ը (2022 թվականի տվյալներով)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 94.2 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին միջինում բաժին է ընկնում շուրջ 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 21.8 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։

Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն։