Սյունիքի մարզում չորս դպրոց կմիավորվեն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Սյունիքի մարզի չորս դպրոցների միավորման նախագիծը։ Ըստ նախաձեռնության՝ Որոտանի, Լծենի, Շամբի և Վաղատինի դպրոցները կվերակազմակերպվեն Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիման վրա։
Միավորման արդյունքում վերոնշյալ դպրոցների բոլոր իրավունքներն ու պարտականությունները կփոխանցվեն նորաստեղծ հաստատությանը:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս Որոտանի հիմնական դպրոցում սովորում է 20 աշակերտ, Լծենում՝ 8, իսկ Շամբի և Վաղատինի դպրոցներում՝ 46-ական աշակերտ: Նախագծում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Որոտան, Լծեն և Շամբ գյուղերի դպրոցահասակ երեխաների կրթությունը կկազմակերպվի Վաղատինի դպրոցում։ Կառավարությունը կապահովի երեխաների տեղափոխումը հարակից գյուղերից դեպի Վաղատին։
Նախագծի հեղինակները կարծում են, որ միավորման արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ տնօրինել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, ինչպես նաև բարելավել ուսումնական գործընթացի որակը:
Նախագիծը դեռևս գտնվում է հանրային քննարկման փուլում։
