ԱրցախԺամանց

Պատմության մեջ ապրող գյուղը․ Գիշիի անցյալն ու ներկան

Գիշի գյուղը Արցախի Մարտունու շրջանի գյուղերից է։ Այն գտնվում էր Մարտունու շրջկենտրոնից 11 կմ արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 41 կմ հեռավորության վրա։ Գյուղը ունեցել է շուրջ 1300 բնակիչ։ Գյուղի բնակիչներից է Նելսոն Ավանեսյանը, ով 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ապրում է ՀաJաստանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, Արցախում զբաղվել է նաև գյուղատնտեսությամբ և ստեղծագործել է։

Պարոն Նելսոնը պատմում է, որ Գիշին շատ հին գյուղ է։

Փաստեր չկան, բայց գյուղի պատմությունն այս վարկածների շուրջ է հյուսվում։

Տասնամյակներ շարունակ Գիշին պահպանել էր իր բնակչության թվաքանակը։ Կայուն գյուղ է եղել։

Նելսոն Ավանեսյանի մանկությունն անցել է Գիշիում, սակայն դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորում։ Գյուղի հետ կապը երբեք չի խզել` հաճախ վերադառնալով։

Որպես լրագրող Պարոն Նելսոնի բազմաթիվ հոդվածները գյուղից են ծնվել և գյուղի մասին են եղել։ Աշխատանքային շաբաթվա ավարտին, երբ մյուսները շտապում էին հանգստանալ, նա գնում էր գյուղում աշխատելու։ Կիրակնօրյա լռությունը խախտվում էր, երբ հայրը առավոտյան շուտ արթնացնում էր իրենց ու ուղարկում կոլտնտեսություն։ Հավերի կերակրման, խաղողայգիների մշակման, շերամապահության գործը դարձել էր առօրյա կյանքի անբաժան մասը։ Այս աշխատանքը ոչ միայն գյուղի տնտեսության կարևոր մասն էր, այլև պարոն Նելսոնի հիշողությունների անբաժան մասը։

2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը մեծ ցավ բերեց ողջ Արցախի համար։ Պարոն Նելսոնը այդ օրերին գտնվել է Հարավ գյուղում։

Հրաժեշտի պահը ծանր էր։ Երբ անցավ Հակարիի կամուրջը, Նելսոն Ավանեսյանը կանգ առավ, նայեց վերջին անգամ ու լուսանկարեց իր հայրենիքը։ Այդ կադրը դարձել է ցավոտ հիշողության մի մասը։ Չնայած ծնունդով Արցախից լինելուն, նա միշտ կապված է եղել Հայաստանի հետ և յուրահատուկ հարազատություն է զգացել Հայաստանի հանդեպ։

Եվ հիմա, երբ Նելսոն Ավանեսյանը հեռու է իր գյուղից, հիշողությունները շարունակում են ապրել նրա մտքում։ Գիշին իր ծառերով, խաղողի այգիներով, գյուղական առօրյայով, հայրենասիրությամբ դարձավ ոչ միայն նրա պատմության մի մասը, այլև նրա հոգու անբաժան մասը։

Այժմ Գիշին մնացել է անցյալում։ Գյուղը դատարկվեց, մարդիկ ցրվեցին, բայց հիշողությունները դեռ վառ են։ Անցյալի հետքերը մնում են լուսանկարներում, հուշերում և հատկապես պատմություններում, որոնք շարունակվելու են գրվել և ներկայացնել մեր կյանքի կարևոր էջերը։

Սեդա Մարտոյան