
Հայաստանում բնադրել են եզակի թռչուններ
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը Արմաշի թռչնաբանական տարածքում։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես հասարակական կազմակերպությունը։
Չնայած որ տեսակը տարածաշրջանում հայտնաբերվել է դեռևս 1995 թվականին, սա առաջին դեպքն է, որ նրանք բնադրում են Հայաստանում։ Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Կիվիվները հիմնականում հանդիպում են Թուրքիայում, Սիրիայում, Իսրայելում, Աֆրիկայում և եվրոպական որոշ այլ երկրներում։
Բտիկաթև կիվիվի բնադրման փաստագրումը ոչ միայն գիտական նշանակալի ձեռքբերում է, այլև վկայում է Հայաստանի էկոհամակարգերի առողջության և կենսաբազմազանության պահպանման մեր ջանքերի արդյունավետության մասին, — նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է ավելի քան 100 թռչնատեսակ Արմաշում։ Այդ շարքում ընդգրկված են նաև հազվագյուտ տեսակներ՝ սպիտակապոչ արծիվ, ֆլամինգոներ, Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր և սպիտակ հավալուսներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի պոպուլյացիայի ուսումնասիրությանը, ինչը կարևոր է տեսակի պահպանության արդյունավետ միջոցառումների մշակման համար։
Հետազոտական աշխատանքները շարունակվելու են նաև 2025 թվականին, նպատակ ունենալով պահպանել այդ եզակի տեսակի և մյուս հազվագյուտ թռչունների ներկայությունը Հայաստանում։