ԱրցախԺամանց

Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Ծմակահող

Ծմակահողը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի գյուղերից է։ Այն գտնվում է Մարտակերտ շրջկենտրոնից՝ 53 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 45 կմ հեռավորության վրա։ 2023 թվականի Արցախի բռնազավթումից հետո այն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ծմակահողցիները ցրվել են Հայաստանով մեկ ու փորձել իրենց կյանքը վերագտնել այստեղ։ Այդ բնակիչներից մեկն էլ Ռոզա Ավանեսյանն է։

Նկարները Ծմակահող գյուղի էջից

Նրա ձայնը խաղաղ էր, բայց այդ ձայնի մեջ անտեսանելի ցավ էր թաքնված։ Նա կրկին նայում է նկարին ու, թվում է, թե ուզում է նրա մեջ մտնել, անցնել լուսանկարի սահմանից այն կողմ՝ դեպի հիշողության իրական աշխարհ։

Հայաստանում և Արցախում տեղանունների մեծ մասը իր նշանակությունն ունի, փաստորեն՝ Ծմակահողն էլ։ Տիկին Ռոզայի հետ խոսելիս իմացա, որ գյուղը շատ հին պատմություններ ունի ու հայկական մշակույթը այստեղ էլ էր մանրամասն ընդգծված։

Այստեղ նա մի պահ մոռանում է հարցազրույցի մասին և վազում փողոց գնացող թոռնիկի հետևից։ Հետո շարունակվում է մեր խոսակցությունը։

Չնայած արհեստները զարգացած չէին, բայց տիկին Ռոզան վստահեցնում է, որ իրենց գյուղում շատ անվանի մարդիկ են եղել, որոնց մասին նույնիսկ ֆիլմեր են նկարահանվել։

Փոքրիկ գյուղը իր մասնակցությունն է ունեցել նաև արցախյան պատերազմներում։ Տիկին Ռոզան հպարտությամբ պարուրված տխրությամբ էր հիշում նաև այն հերոսներին, ովքեր զոհվել էին հանուն հայրենի հողի։ Այդ հերոսների շարքում էին նաև Տիկին Ռոզայի եղբայրը, ով մասնակցել էր արցախյան առաջին պատերազմին, և որդին՝ Արագածը։ Վերջինս էլ 44-օրյա պատերազմի առաջին կամավորներից մեկն է եղել։ Չնայած Արագածը դեռ նոր էր բանակից տուն վերադարձել, պատերազմի բոթը լսելուն պես ռազմաճակատ էր շտապել և զոհվել հայրենիքի մատույցներում։

Մեր զրույցը այս անգամ էլ հարևանուհին է ընդհատում՝ տաք թխած կարկանդակներ էր մեզ բերել։ Հենց այստեղ էլ արդեն խոսակցությունը տանում ենք ուտելիքների ուղղությամբ ու ես իմանում եմ, որ բոլոր արցախցիներն էլ ժինգյալով հաց են թխում, բայց ոչ բոլորի մոտ է լավ ստացվում։

Տուն գալիս ես քայլում էի քաղաքի անծանոթ փողոցներով, բայց մտքումս դեռ Տիկին Ռոզայի պատմությունների մեջ ապրող Ծմակահողն է։