
Արցախը ապրում է սահմանից այս կողմ․ Գիշի
Գիշի գյուղը մինչև 2023 թվականը Արցախի Մարտունու շրջանի խոշոր բնակավայրերից մեկն էր։ Հին պատմություն, պահպանված ավանդույթներ, համախմբված համայնք․ այս ամենը ձևավորել էին մի յուրօրինակ կոլորիտ, որը տարիներ շարունակ ապրում էր Գիշիում։ Այսօր գյուղի բնակիչները Հայաստանի տարբեր բնակավայրերում են բնակվում, սակայն, ինչպես զրուցակիս՝ Արկադի Ավանեսյանն է նշում, կապը մնում է ուժեղ։ Պարոն Արկադին 1992-2022 թվականներին Գիշիի դպրոցի տնօրենն է եղել։ Զուգահեռ նաև պատմության ուսուցիչ է աշխատել ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Իր այդ տարիները նա հպարտությամբ էր հիշում և թվարկում իր դասղեկական դասարանի աշակերտների անունները․․․ Փանդունց Արմինե, Հովակիմյան Անահիտ, Բաբալարյան Արմեն․․․
Գիշի գյուղը Արցախ աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է։ Պատմական տեղեկություններ կան արդեն 4-րդ դարից։ Շիրակացու աշխարհացույցում էդ մասին տեղեկություններ կան։ Բացի դրանից՝ գյուղի տարածքից, տարբեր աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել են Քրիստոսից առաջ ընկած ժամանակների իրեր՝ կարասային թաղում է եղել, տարբեր բրոնզե գործիքներ, զենքեր, զարդեր։ Այդ բոլորը վկայում են, որ գյուղը հնագույն ժամանակներից եղել է։ Սկզբնական անվանումը եղել է «Կիշ»։ Ընդ որում՝ այդ անունով երեք գյուղ է եղել՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Ուրմիա լճի ափին, մյուսն էլ ավելի հյուսիսային մասերում՝ Շաքիի, Զաքաթալի շրջակայքում։ Տեղեկություններ կան, որ այդ երեք բնակավայրերը միշտ իրար հետ կապ ունեցել են։
Հավատը, սրբավայրերը Գիշիում երբեք չեն կորցրել իրենց նշանակությունը՝ անկախ դարաշրջանից։ Նա ցույց է տալիս գյուղի նկարները և ներկայացնում յուրաքանչյուր կոթողի նշանակությունը։ Պարոն Արկադին հպարտությամբ է պատմում Բբջամալ և Ոսկե խաչ սրբավայրերի մասին, որտեղ դարավոր թեղիները սրբազան ծառեր էին դարձել։ Այստեղ, ըստ ավանդույթի, չորացած սրբազան ծառերը չէին կտրվում, մնում էին իրենց տեղում՝ ինչպես մի ժամանակի քարացած վկայություն։ Նույնիսկ խորհրդային տարիներին գիշեցիները գիտեին՝ սրբի ճյուղերը տանելուց հետո պիտի ներողություն խնդրեին, այլապես հետևանքները չէին ուշանա։
Քրիստոնեության ընդունումից հետո, ինչպես մի շարք այլ բնակավայրերում, մեր մոտ էլ ծառերի պաշտամունքը շարունակվել է լինել։ Դրա վառ ապացույցն են մեր գյուղի սրբատեղիները։ Մեկը կոչվում էր Բբջամալ, մյուսը՝ Ոսկե խաչ։ Այստեղ կային դարավոր թեղիներ, որոնք որպես սրբատեղիներ են ծառայել։ Քրիստոնեության ընդունումից հետո, մանավանդ, որ նոր կրոնը ընդունում էր նաև ծառերի պաշտամունքը, շարունակեցին պաշտել և այդ սրբավայրը մինչև մեր օրերը ծառայում էին մարդկանց։ Եթե էդ ծառերը չորանում էին, ոչ մեկը իրավունք չունեին տանեին իրենց տուն տանել։ Ծառերը թողնում էին իրենց տեղում, դրանք էլ ժամանակի ընթացքում չորանում ու մնում էին։ Անգամ խորհրդային տարիներին մի աթեիստ վերցրեց էդ ճյուղերից ու տարավ որպես վառելափայտ։ Ու հետո չգիտեմ ներշնչանքից, թե ինչից, էդ մարդը հիվանդացավ։ Նրան խորհուրդ տվեցին ներողություն խնդրել սրբավայրից, ու դրանից հետո նա լավացավ։
Սրբավայրերը շրջակա գյուղերից էլ էին գալիս, մատաղ անում, մոմ վառում։



Պարոն Արկադին հետաքրքիր փակագծեր է բացում՝ կապված Արցախում եկեղեցիների քանդման հետ։
Գյուղում ժամանակին եկեղեցի է եղել՝ Սուրբ Մինասը։ Բայց խորհրդային տարիներին քանդվեց, ինչպես շատ տեղերի շատ եկեղեցիներ։ Գիտեք, Արցախում եկեղեցիների քանդման, վերացման գործընթացը ավելի շատ էր, քան Հայաստանում։ Մի կողմից դրա պատճառը աթեիզմն էր, որը կոմունիստական գաղափարախոսության հետևանք էր, մյուս կողմից էլ Ադրբեջանն էր պահը օգտագործում և քանդել տալիս եկեղեցին։ Եվ եթե այս կամ այն բնակավայրում էդ ղեկավարը, գյուղապետը, կոլխոզի նախագահը իր տեղում չէր լինում, թույլ էր լինում, իսկույն քանդում էին։ 1950-ական թվականներին մեր եկեղեցին քանդվեց։ Եթե չեմ սխալվում, այն կառուցվել էր 19-րդ դարի կեսերին։ Քմալա աղբյուրի ջուրը ժամանակին բերել էին հասցրել եկեղեցու տարածք և մենք էլ դրան ասում էինք «եղցուն ճուրը», այսինքն՝ «եկեղեցու ջուրը»։
Գիշին Մարտունու շրջանում մեծ բնակչություն ունեցող գյուղերից է եղել։ Ժամանակներ են եղել, որ գյուղի բնակչության թիվը հասել է 1500 մարդու։ Գյուղից արտագաղթողներ էլ համարյա չեն եղել։ Սակայն Գիշին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյամարտերին։
Մենք ունեինք հուշարձան՝ Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան գոյամարի և նույնիսկ քառօրյա պատերազմի մասնակիցներին նվիրված։ Միայն Հայրենական պատերազմին 370 գիշեցի է մասնակցել, 183 հոգի չեն վերադարձել ռազմի դաշտից, և նրանց բոլորի անուններն էլ փորագրված էր հուշարձանի վրա։ Արցախյան գոյամարտին էլ 300 հոգի են մասնակցել։ 90-ականներից մինչև մեր օրերը 55 գիշեցիներ են զոհվել Արցախի համար։
Չնայած այժմ տարածքը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուամենայնիվ խորհրդային տարիներին նույնիսկ բնակիչները ադրբեջանցիների չեն հանդուրժել իրենց գյուղում։
Գյուղում ընդհանրապես ադրբեջանցիներ չեն եղել ոչ մի ժամանակ։ Մենակ կոլխոզի ժամանակ գյուղում ոչխարաբուծական ֆերմա կար՝ Հարամի տեղամասում (դաշտավայր Արցախում)։ Խորհրդային տարիներին հողատարածքների ընդհանուր ֆոնդ կար։ Ադրբեջանցիները հայերի նման իրենց ոչխարներն են էդտեղ բերել։ Իրենք էլ ավելի շուտ քրդեր էին, ոչ թե ադրբեջանցիներ։ Մենակ Հայրենական Մեծ պատերազմից հետո 1948 թվականին Հայաստանի Մասիսի, Վարդենիսի շրջաններից փորձել են ադրբեջանցիների բերեն ու տեղեկայեն Արցախի տարբեր գյուղերում, բայց ոչ մի գյուղում նրանց չեն ընդունել․ օր չկար, որ գյուղացիները չկռվեին հետները, ու տենց թողեցին գնացին։
Սովորույթները, սուրբ ավանդույթները, մարդկային ջերմ հարաբերությունները ձևավորել էին մի մշակույթ, որը, թերևս, հնարավոր չէր գտնել այլուր։
Մեր կենցաղային ավանդույթները, ամեն մի արարողություն մեզ մոտ յուրահատուկ էր։ Հարսանիքները էն ժամանակ 2 շաբաթ, 10 օր էին տևում։ Ես, որ անմիջապես տեսել եմ, 2 օրում էր լինում՝ փեսայի ու հարսի տանը։ Բայց հետո տեղավորվեցին մի տեղում։ Բայց էլի էն հիմնական ավանդույթնրը պահում են։ Երբ որ խնամիները նշան են գնում, «ղոչ» են տանում։ Էդ երկու օրը որ ասում եմ, տղայի կողմից գնում էին հարսի հերանց օջախ (հայրական տուն), էդ օրը էնտեղ հարսանիք են անում, գիշերն էլ պիտի մնային ու հարսին պիտի մակարների ուղղությամբ իրենց տուն տանեին։
Տիկին Լիանան՝ պարոն Արկադիի կինը, նույնպես միանում է խոսակցությանը, պատմում իր հիշողությունները՝ հարսանիքների, հյուրասիրությունների մասին։
Դե քույրս ինձանից 20 տարով մեծա։ Իրա հարսանիքն ենք էդպես արել։ Մեր հարսանիքը որ եղավ, Խնձորեսկից էլ շատ մարդ էր եկել։
Սուրճի սեղանի մոտ էլ խոսակցությունը սահուն անցնում է գյուղի կերակուրներին։ Պարզվում է, որ Գիշիում ամեն ինչ աճում էր, բացի ցիտրուսային մրգերից։ Նրա ասածները հիմնավորվում էին նաև նրանով, որ նոր տեղափոխված տան բակն էլ արդեն մշակել և իրենց համար փոքրիկ այգի էին ստեղծել՝ կանաչիներ, ծաղիկներ ցանելով։
Մեր մոտ ավանդական կերակուրներն էլ շատ են։ Մենք ածիկ, շփոթ, պուտ, խաշիլ (հացահատիկային բույսեր) էինք սարքում։ Չիլինգոշ ենք սարքում՝ սպասի նման մի բան է ստացվում մոտավոր, որը չորաթանով են սարքում։ Արցախցիներին բնորոշ է նաև եփած հավը, որի մեջ ընկույզ, սոխ, հոնի չիր, բրինձ են լցնում։
Մեզ մոտ ամեն ինչ աճում էր։ Կառալյոկ (արքայանարինջ) էլ էր աճում։ Մեր հայաթում զեյթունի ծառ կար․ վեդրոներով զեյթուն էինք հավաքում։ Մեզ մոտ բանան էլ չի աճում, եթե աճում էլ է, բերքը լավ չի լինում։ Կիվի էլ ենք աճեցնում։
Հետո վերջին տարիներին ջերմոցներ էին բերել։ Էդպես ոչ միայն մեզ էինք բավարարում, այլև շուկա էինք տանում բերքը։ Բլոկադայի ժամանակ էլ էդ ջերմոցները, մինչև Արցախի ներսի ճանապարհները փակվելը, ջերմոցների, գյուղերի այգիներում եղածները օգնեցին մեզ։ Հեշտ չէր 10 ամիս էդպես լինել։
2023 թվականին Գիշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մարդիկ հասկանում էին, որ տեղափոխվելը միայն ֆիզիկական տեղաշարժ չէ։ Դա նաև հարաբերությունների, կյանքի կազմակերպման ու սովորական կյանքի վերափոխում է։ Գիշեցիները փորձել են տարբերակներ գտնել՝ իրարից շառ չհեռվանալու համար։
2023 թվականին արդեն երբ որ պիտի տեղափոխվեինք, մի օր առաջ ակումբում հավաքվել էինք։ Ամբողջ գիտակից մասը՝ ջահելները, ահելները հավաքվել էին գյուղի 300 տեղանոց ակումբում, ու նույնիսկ տեղ չկար ընդհանրապես։ Էնտեղ մի քանի հոգու կողմից առաջարկներ կային, որը ընդունվեց բոլորի կողմից․ տեղափոխվելուց էնպես անենք, որ հնարավորինս կենտրոնացած ձևով մնանք, այսինքն՝ մի քաղաքում, գյուղում, որտեղ էլ լինենք, միասին լինենք։ Բայց դա, իհարկե, ահագին դժվարությունների հետ է կապված։ 1200 հոգին մի տեղ տեղավորելը դժվար կլինի։ Արդյունքում ստացվեց էնպես, որ ով որտեղ կարողացավ, տեղավորվեց, բայց կապը ուղղակի կամ անուղղակի կերպով մշտական կա համարյա բոլորի հետ։ Դրա ապացույցներից է թերևս այն, որ երբ որ գյուղից մեկը մահանում է, տարբեր մարզերից մեծամասամբ հավաքվում են ու վերջին հրաժեշտը տալիս։ Էդ արարողությունների մասնակիցների 70-80 տոկոսը գիշեցիներ են։

Վերջում իմ այն հարցին, թե ինչի մասին պարոն Արկադին կուզեր խոսել, որին չանդրադարձանք, նա խոսեց իրենց կորուստների մասին։
Մենք ոչ միայն կորցրել ենք տուն տեղ, մեր սուրբ տղաների, նախնինների գերեզմաններն են կորցրել, ամենացավալին էդա։ Ես վախենամ, որ ինչքան էլ մենք ստեղ փորձենք ավանդույթները, կապը մեկը մյուսի հետ պահենք, ժամանակի ընթացքում գնալով դա կթուլանա, չնայած՝ բոլորն էլ ջանք թափում, որ այդպես չլինի։ Այսինքն՝ կորցրել ենք մի ամբողջ մշակույթ, մարդկային հարաբերություններ։ Մենք գյուղում գիտեինք՝ ում մոտ գնանք տխուր ժամանակ, որ մի քիչ խոսեր ուրախացներ, կամ գիտեինք, թե էս գիտական հարցը ով կարող էր ճշգրիտ բացատրել, մեքենաների փչացած մասերը ով կարա արագ սարքի, ով պիտի լինի թամադան․․․ էդ բոլորը կար պատրաստի։ Իսկ հիմա ամեն ինչը դժվարություններ են, որ պիտի հաղթահարենք։
Եթե ներքին թշնամին չլիներ, արտաքին թշնամին մեզ չէր հաղթի։
Այժմ պարոն Արկադին աշխատում է Էջմիածնի մասնավոր դպրոցներից մեկում։ Սակայն աշխատանքի առաջարկ է ստացել նաև այլ դպրոցներից։ Նրա զավակները նույնպես մնացել են Հայաստանում և աշխատում են տարբեր տեղերում։
Գիշին այժմ տարածքային սահմաններից դուրս է, բայց գիշեցիների հիշողություններում այն մնում է որպես տուն, ծննդավայր՝ իր բոլոր ձայներով, հոտերով ու մարդկանցով։