ԺամանցՀայաստան

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան․ Հայաստանը 20-րդն է

Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի այս տարվա հաղթողը Ավստրիան է՝ ներկայացված Յոհաննես Փիթչով (բեմական անունը՝ JJ), ով իր «Wasted Love» երգով արժանացավ 436 միավորի։

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Պարգը, ով եզրափակիչում հանդես եկավ 18-րդ համարի ներքո։ Նրա «Survivor» կատարումը կիսաեզրափակիչում մեծ արձագանք ստացավ և ապահովեց Հայաստանի մուտքը եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Պարգը հավաքեց 72 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Լավագույն եռյակում ընդգրկվեցին նաև Իսրայելը՝ Յուվալ Ռաֆայելի (357 միավոր), և Էստոնիան՝ Թոմի Քեշի (356 միավոր) կատարումներով։

Այս տարի եզրափակիչ փուլում մրցեցին 26 երկրի ներկայացուցիչներ։ «Եվրատեսիլ 2025»-ը անցկացվում էր Շվեյցարիայում՝ նախորդ տարվա հաղթող Nemo-ի հայրենիքում։ Հիշեցնենք՝ 2024 թվականին Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» խմբը գրավել էր 8-րդ տեղը։