ԱռողջությունՀայաստան

Սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80․000 աղջիկներ չեն ծնվել

Վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը։ Դրանք իրենց հերթին նաև այլ խնդիրների պատճառ են դառնում՝ ազդելով նաև ժողովրդագրական աճի վրա և նպաստելով ժողովրդի ծերացմանը։

Հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում այս թեմային անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հավելել է, նշելով, որ վերջին տասնամյակում աբորտների պատճառով շուրջ 80․000 աղջիկներ չեն ծնվել։ Մկրտչյանի խոսքով՝ դա ազդում է ժողովրդագրության դեգրադացիայի վրա։

Հղիության արհեստական ընդհատումների օրենքը փորձում է կանխարգելել սելեկտիվ աբորտները։ Օրենքով՝ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը արհեստական ընդհատումներ թույլատրվում է միայն կնոջ գրավոր դիմումի համաձայն։ 12-22 շաբաթական հղիության ժամկետների դեպքում արհեստական ընդհատումներ արվում են միայն բժշկի ցուցումների կամ սոցիալական խնդիրների առկայության դեպքում՝ կնոջ համաձայնությամբ։ Մյուս դեպքերում, ներառյալ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, 12-22 շաբաթական ընդհատումներն արգելվում են։