
Եվրատեսիլից հետո Հայաստանը կմասնակցի Ինտերտեսիլին
Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել «Ինտերտեսիլ-2025» միջազգային երաժշտական մրցույթը։ Այն կանցկացվի սեպտեմբերի 20-ին՝ «Live Arena» ժամանակակից համերգասրահում։ Միջոցառումը դիտարկվում է որպես Ռուսաստանի պատասխան «Եվրատեսիլին»։ Մրցույթի գլխավոր մրցանակը կազմում է 300,000 եվրո։
Մրցույթին կմասնակցեն ավելի քան 20 երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Կատարը, Ղրղզստանը, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Թաիլանդը, Ադրբեջանը։ Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը, սակայն ներկայացուցչի անունը դեռևս չի հայտարարվել։ Ռուսաստանը կներկայացնի հայտնի երգիչ Շաման, Բելառուսը՝ Նաստյա Կրավչենկոն, իսկ Ղրղզստանը՝ «Նոմադ» եռյակը։
Մրցույթի կազմակերպման աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն, իսկ արտաքին կապերի համակարգմամբ զբաղվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ Միջոցառման նպատակն է խթանել մշակութային երկխոսությունը և ներկայացնել ազգային ինքնությունը երաժշտության միջոցով։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Ռուսաստանը 2022 թվականից այլևս չի մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։