
Հայաստանում կգործի առաջին զբոսաշրջային գնացքը
Հայաստանում առաջին անգամ կգործի զբոսաշրջային գնացք։ Հունիսի 28-ից մեկնարկում է 9-օրյա երթուղի, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Ճամփորդության ընթացքում մոտ 300 զբոսաշրջիկներ՝ հիմնականում Եվրոպայից, կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, Թբիլիսի, Քութայիսի և Բաթում։
Զբոսաշրջիկների համար նախատեսված են գիշերակացի հնարավորություններով վագոններ՝ օդորակիչներով և լոգասենյակներով։ Ընկերությունն արդեն չարտերային ուղևորությունների մի շարք փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։
Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն, — նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Գնացքը գործարկվում է «Հարավկովկասյան երկաթուղի» և չեխական Gepard Express ընկերությունների համագործակցությամբ։
Երկաթուղային զբոսաշրջությունը Հայաստանում նախկինում չի կիրառվել։ Այս նախագիծը մեկնարկում է որպես փորձնական տարբերակ։